Հոկտեմբերի 28-ի երեկոյան Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ոստիկանության կողմից 17-ամյա դեռահասի սպանության դեմ բողոքի ցույցն ավարտվել է զանգվածային անկարգություններով:
Associated Press-ը հայտնում է, որ Սան Պաուլուում խռովությունների ընթացքում հրդեհվել են հինգ երթուղային ավտոբուս եւ երեք բեռնատար: Ոստիկանությունը հայտնել է խանութների կողոպուտի մի քանի դեպքի մասին: Սան Պաուլուն երկրի հյուսիսային հատվածի հետ կապող մայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Խռովությունների 90 մասնակիցներ կալանավորվել են:
17-ամյա Դուգլաս Ռոդրիգեսը սպանվել էր հոկտեմբերի 26-ին` ոստիկանի կողմից, հայտնում է lenta.ru»-ն: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ հասարակական կարգը խախտած դեռահասի վրա կրակել են պատահաբար, սակայն կատարվածի ոչ մի այլ մանրամասն չեն հաղորդել: Դեռահասին սպանած ոստիկանը կալանքի տակ է առնվել` մինչեւ քննության ավարտը:





























