Կառավարական շենքերում տեղակայված տեսանկարահանման սարքերը ձայնագրություն չեն իրականացնում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
Մինչ այդ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե բյուջեում այդ ինչ գումարներ են նախատեսվում տեսանկարահանման նպատակով, արդյո՞ք դա գաղտնալսում չի:
Վ. Գաբրիելյանը պատասխանեց, որ տեսանակարահանումը անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլ է: Ի տարբերություն Ազգային ժողովի շենքի եւ նախագահական նստավայրի, կառավարության շենքն անմիջական հասանելիություն ունի, հետեւաբար պետք է տեղադրված լինեն տեսահսկման համակարգեր: Գաբրիելյանը նաեւ ասաց, որ կառավարության բոլոր մասնաշենքերում չորս կողմից ու միջանցքներում տեսահսկման սարքեր կան, սակայն դրանք ձայնագրություն չեն կատարում:





























