«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության անդամները դեմ են հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը եւ  պատրաստվում են ներդնել իրենց ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության եւ սոցիալական արդարության հաստատման:

Միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Լինելով Երեւանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով «հաղթանակի» հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երեւան քաղաքի բնակչության շահերը՝  արդեն տեւական ժամանակ որոշումներն ընդունելով կամայական, կլանային շահերից ելնելով, եւ տվյալ պարագայում՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների եւ մասնավորապես երեւանցիների սոցիալական վիճակը,:

Մենք ակտիվորեն մասնակցել ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հայցով դիմել է դատարան՝ տրանսպորտի գինը թանկացնելու անհիմն եւ ապօրինի որոշում կայացնելու մեղադրանք առաջադրելով Տարոն Մարգարյանին:

Միանում ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը եւ միասնական օրակարգի ձեւավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության եւ սոցիալական արդարության, կոռուպցիայի եւ անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության»: