Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայերի նախընտրելի թեկնածուն էր: Այս մասին հոկտեմբերի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ  Տաճատ Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ Մարգվելաշվիլին քաղաքականության մեջ նոր մարդ է եւ նախընտրելի է այն առումով, որ նրա թիմը ցանկանում է հարաբերությունները կարգավորել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

Տաճատ Վարդապետյանը հավելել է, որ Մարգվելաշվիլին նախագահ է ընտրվել Բիձինա Իվանիշվիլիի թիմի վարկանիշի շնորհիվ: Պատգամավորն ընդգծել է, թե  Իվանիշվիլիի թիմը հայերի համար նախընտրելի է նաեւ այն պատճառով, որ այն մտավախություններ ունի թուրք- ադրբեջանական տանդեմի հետ կապված:

Տաճատ Վարդապետյանը լավատեսորեն է տրամադրված եւ Վրաստանում  բոլոր նախընտրական խոստումների իրագործում է ակնկալում: «Նախագահ Սահակաշվիլիի հեռացումից հետո այժմ ոչ մի խոչընդոտ չկա Ջավախքի հետ կապված խոստումների իրագործման համար», - ամփոփել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում կայացել են հոկտեմբերի 27-ին: Հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նախնական տվյալով՝ նա ստացել է մոտ 64%  ձայն:  Նրա հիմնական մրցակից, «Միասնական ազգային շարժման» թեկնածու Դավիթ Բաքրաձեն եւ խորհրդարանի նախկին փոխխոսնակ Նինո Բուրջանաձեն համապատասխանաբար  21 եւ 9.5% ձայն են հավաքել: