Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հայցն՝ ընդդեմ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մտերիմ Կարո Եղնուկյանի։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ դեռ վճռին ծանոթ չէ, այն չի ստացել: «Եթե դատարանը գտել է, որ «անբարոյականություն»-ը վիրավորանք չի, ուրեմն վիրավորանք չի: Այսուհետ կյանքում կղեկավարվենք դատարանի վճռով: Վճռից սուրբ բան իրավաբանի համար չկա»,- ասաց նա:

Ալեքսանդր Սիրունյանը հավելեց նաեւ, որ իր հայցի մերժումը ՎարդանՍեդրակյանի անհիմն եւ նկարած դատավճռի համեմատ պարզապես ոչինչ է: «Աստված էլ բեթարից ազատի»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալքեսանդր Սիրունյանը մայիսի 30-ին, դատական հայց է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Փաստաբանը պահանջում է ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու, Հայրիկյանի ընկեր Կարո Եղնուկյանին հրապարակային ներողություն խնդրել: Հայցվորը կարծում է, որ իր հայտնի արտահայտությամբ Եղնուկյանը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:

Հիշեցնենք, որ Կ. Եղնուկյանը ասել էր, թե Վարդան Սեդրակյանի փաստաբանի արտահայտությունները կոպտագույն սխալներով են ուղեկցվում, քանի որ փաստաբանն ասում է՝ «եթե նույնիսկ Հայրիկյանի վրա կրակել են, եթե նույնիսկ դա Խաչիկ Պողոսյանն է». այս արտահայտությամբ Սեդրակյանի փաստաբանի կողմից հարցականի տակ է դրվում կրակելու հանգամանքը, երբ պարզ է, որ երկու անգամ կրակել են կրծքավանդակին: Սա, ըստ բանախոսի, անբարոյականություն է։