Դիմակավորված անձանց հարձակումը «Մխթար Սեբաստացի» կրթահամալիրի վրա կանխվել է պահակի շնորհիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: 

«Արթուն պահակ ունենք՝ Յուրա Ստեփանյան, որը շատ տոկուն անձնավորություն է, եւ եթե իր տոկունությունը, բարեխղճությունը չլիներ, մենք անպայման վնաս կկրեինք: Մտել էին մեծ շենք՝ ամենակահավորվածը, որտեղ կան  պրոժեկտորներ, էլեկտրոնային գրատախտակներ, համակարգիչներ, թվային մեծ տեխնիկա, Յուրան չի վախեցել, հարվածել է, նրանք անմիջապես փախուստի են դիմել, զանգել է  փոխտնօրենին, ով շենքերի պահպանությունն է իրականացնում, եկել են ոստիկաններ, շատ արագ արձագանքել են»,- ասաց նա:

Տնօրենը պատմեց, որ երեք դիմակավորված անձինք ջարդել են կրթահամալիրի մայր շենքի բարձր պատուհանը: «Երեւի դրսում էլ մարդ է եղել, ես նկատել եմ փողոցում, որովհետեւ մենք ունենք շատ մեծ բակ, դա նշանակում է, որ շատ լավ նախապատրաստված են եղել»,-ասաց տնօրենը:

Աշոտ Բլեյանը նշեց, որ նախկինում նման դեպքեր էլի են եղել, «հենց վիճակը երկրում վատանում է, միանգամից մենք դա զգում ենք, դա նշանակում է, որ մարդիկ սկսում են այնքան վատ ապրել,որ սահմանը անցնում են»: Նա չի կարծում, թե նպատակուղղված գործողություն կա դպրոցի դեմ, «չէ, չեմ կարծում, ո՞վ գործի՝ Սամվել Ալեքսանյա՞նը, հասարակությո՞ւնը, հասարակության համար ինչ տարբերություն, մենք բաց համակարգ ենք, ճաղավանդակներ չենք օգտագործում, բայց ունենք հուսալի համակարգ, վստահ եմ, որ կբռնեն նրանց»:

Աշոտ Բլեյանը շեշտեց, որ խնդիրն այն է, որ պետական կազմակերպության շենքերը չեն հսկվում, իրենք ազատ մտել են թաղամաս,  ոստիկանությունը պետք է մտածել դրսի հսկողությունը ուժեղացնելու մասին, այսինքն՝ առավոտ կանուխ, երբ նրանք շրջում են, նշանակում է պատրուլ չկա: Տնօրենի խոսքով՝ օրակարգում կա ուսումնական հաստատությունների պահպանության հարցը, որովհետեւ միայն կազմակերպության ուժերով դա արդյունավետ չէ իրականացնել, ի վերջո դա գումար արժե չէ՞:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ ատրճանակով ներխուժել են դպրոց, թերեւս գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, ինչից հետո նրանք փախուստի են դիմել: Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ հարձակվողների մոտ գազային ատրճանակ է եղել: Դեռ հայտնի չէ՝ ովքեր են: Նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել: