Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը գործազրկության  նպաստի գինը չգիտի, հոկտեմբերի 29-ի հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին  փոխնախարար Կարինե Հակոբյանը՝ մեկնաբանելով վարչապետի վերջին հայտարարություններից մեկը:

«Կառավարությունը Հայաստանի սոցիալական ծանր վիճակի համար պատասխանատվություն չի զգում: Այդ պատճառով էլ վարչապետը հայտարարում է, որ նպաստներն ստացողները աշխատանք չեն փնտրում, նրանք ծույլ են»,- ընդգծել է Հակոբյանը:

Ըստ նրա՝ գործազրկության բարձր մակարդակի պատճառը մարդկանց անգործությունը չէ, այլ պետության սխալ կառավարումը: «Հարկավոր է փոխել աշխատանքի եւ աշխատավարձերի համակարգը, բայց մեզ մոտ ամեն ինչ ինչպես միշտ հակառակ է արվում: Հանրության համար արժեքներ ստեղծող գիտնականը 100 հազար դրամ է ստանում,  իսկ «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրենը, որը ոչինչ չի արարում, տասնյակ անգամներ ավելի է ստանում:  Միգուցե վարչապետը չի հասկանում, թե որքան կարեւոր է 18 հազար դրամ սոցիալական նպաստը նրանց համար, ովքեր այլեւս ոչինչ չունեն: Չէ՞ որ նա այդ 18 հազար դրամը միայն նախաճաշի համար է ծախսում», – ընդգծել է Հակոբյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am