Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի մոտ ապագայում համաներմամբ ազատ արձակվելը տեսանելի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժորա Վարոսյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Խաչիկյանի ընկերները գումար են հավաքել պետությանը հասցված վնաս վերականգնելու համար եւ մոտ ապագայում համաներմամբ ազատ արձակվելու մասին:
Նա նշեց, որ տեղյակ չէ՝ արդյոք գումար հավաքում են, թե՝ ոչ, իր համար դա նորություն է: «Այս պահին խոսք չի կարող լինել, առավել եւս՝ ամբողջությամբ ազատվելու մասին: Պետք է 4 տարի պատիժ սահմանեն, որ ինքը դուրս գա, ինչը տեսանելի չէ, քանի որ առաջադրված հոդվածներից մեկով նվազագույնը 5 տարի է սահմանվում, իսկ մյուսներով էլ մասնակի կգումարվի»,- ասաց ժորա Վարոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով, եւ 314 հոդվածի 1 կետով հանցավոր արարք կատարելու մեջ: Գործի շրջանակններում մեղադրանք է առաջադրվել մի շարք անձանց` Ծառայության կենսաթոշակային ապահովության եւ առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, տեղեկատվական համակարգերիեւվերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը. աշխատակազմի վճարումների ծառայության Երեւանի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գեւորգյանը, ինչպես նաեւ Երեւանի «Շենգավիթ», «Արաբկիր». «Էրեբունի եւ Նուբարաշեն» տարածքային բաժնի պետերին եւ այլն պաշտոնյաների:
Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն:





























