Հալեպի համեմատ Դամասկոսում ավելի հանգիստ է: Հալեպի մասին տեղեկություններ ստացվում են Դամասկոսից. հենց Հալեպում ռազմական գործողություններ չեն իրականացվում, դրանք քաղաքի ծայրամասերում են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:
Քանդահարյանի խոսքով՝ ձմռան նախաշեմին եթե Հալեպը շարունակի մնալ շրջափակման մեջ ու չհաջողվի պահպանել կառավարական զորքերի կողմից հետ գրավված անցակետերը, ապա իրավիճակը կվատթարանա, քանի որ հումանիտար օգնությունն այլեւս քաղաք չի հասնի:
Քանդահարյանի խոսքով քրիստոնեական, մասնավորապես, հայկական սրբավայրեի կործանումն ու պղծումը մեծ հարված է հասցնում տեղի հայկական համայնքներին, քանի որ դրանից հետ նրանք այլեւս չեն տեսնում հեռանկար մնալ այդ երկրում. «Հաճախ նման վերաբերմունը ստիպում է մտածել, որ Սիրիայում քրիստոնյա բնակչությունը տեղ չունի: Իրերի նման դասավորությունը նպաստավոր է որոշ ուժերի համար, առավել եւս, երբ տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը որոշակիորեն նպատակաուղղված էր: Մենք բոլորս վկա էին Եգիպտոսում, Իրաքում եւ այժմ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. քրիստոնյա բնակչությունը լքում է երկիրը: Ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում նկատվում է քրիստոնյա բնակչության արտահոսք»:
Քանդահարյանի կարծիքով՝ տեղի ունեցած իրադարձությունները հանգեցնում են մտքի, որ այս ամենի հետեւում կանգնած է Թուրքիան. «Այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Դեր-Զոր, որտեղ գտնվում է Օսմանյան Թուրքիայում 1915թ.-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որոշում ընդունվեց համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Դեր-Զորի վրա՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով: Սակայն այժմ դա այլեւս հնարավոր չէ, քանի որ հուշահամալիրն էապես վնասվել է»:
Քանդահարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ թեթ նույնիսկ այժմ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հակահայկական ուղղվածություն չունեն, ապա դրանք նկատելի կդառնան Սիրիայում ռազմական գործողությունների ավարտից հետո:
Այն հարցին, թե ինչպիսին է դրությունը Սիրիայում նախագահի կողմից հնչեցված հայտարարությունից հետո այն մասին, որ քիմիական զենքը դրվում է միջազգային վերահսկողության ներքո Քանդահարյանը նշել է, որ դա մեղմացրել է դրությունը, սակայն չի նշանակում, որ «նման քաղաքական որոշման ընդունումից հետո Արեւմուտքն այլեւս չի միջամտի»: «Սա քայլ էր սիրիական ճգնաժամում, որը ժամանակավոր արդյունքներ կտա, սակայն հարցը լուծված չէ: Պահպանվում է Սիրիայում իշխանության պահպանման կամ տապալման խնդիրը»,- նշել է Քանդահարյանը:
Ընդ որում, Սիրիայի իշխանությունների նման որոշումը չի զսպել զինված ընդդիմությանը, որն ըստ Քանդահարյանի, այժմ պայքար է մղում ոչ միայն սիրիական բանակի դեմ, այլ նաեւ ինքն իր մեջ:





























