Նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանը տեղյակ չէ եղբայրների՝

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին եւ  Սերյոժա Աբրահամյանի՝ վճարովի ավտոկայանատեղիների բիզնեսի մասին:

«Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, առաջին անգամ ձեզնից եմ լսում: Չեմ կարծում, որ նրանք ավտոկայանատեղիների բիզնես ունենան, ինձ չեն ասել: Ինչքան ես մտածում եմ, կռահում եմ՝ չպետք է ունենան»,- ասաց Գագիկ Աբրահամյանը:

Նշենք, որ 168.am-ը գրել էր, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ից բացի՝ Երեւան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվում են նաեւ այլ ընկերություններ: Մասնավորապես, Արամի փողոցի 32 շենքին հարող տարածքում՝ նախկին «Մանկական աշխարհի» պատի տակ, գործում է վճարովի ավտոկայանատեղի (վճարը՝ 200 դրամ): Համապատասխան աշխատողը վարորդներին պարտադրում է վճարել գումարը՝ նրանց տրամադրելով ՀԴՄ կտրոնը: Պարզվում է՝ ավտոկայանատեղին պատկանում է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին, որի հիմնադիրներն են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող «Սոգլասիե» ՓԲԸ-ն եւ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերյոժա Աբրահամյանը: