ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն իր  աշխատավարձով չի հասցնում նույնիսկ 5 թոռներին ծննդյան օրվա առթիվ նվերներ գնի:  Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով պատգամավորների աշխատավարձերի բարձրացման շուրջ բարձրացված աղմուկին:

Նրա խոսքով՝ ինքն ստանում է 250 հազար դրամ աշխատավարձ եւ իր եկամտի միակ աղբյուրը այդ աշխատավարձն է: «Մեր երկրում ընդհանրապես աշխատավարձը ցածր է եւ մենք համարվում ենք բարձր աշխատավարձ ստացող անձիք: Բայց կարծում եմ, որ դա պատգամավորի համար, նրա գործառույթները ապահովելու համար շատ քիչ է, սկսած հագուկապն ապահովելուց, վերջացրած քաղաքացիների հետ շփվելու համար ծախսվող հեռախոսի  րոպեավճարներով»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաեւ նշեց, որ ինքը պատգամավորին հարիր չի հագնվում, ուր մնաց բրենդային խանութներից օգտվեն: «Վայ էտ ինչեր եք ասում, ո՞նց կարող է 240 հազար ստացող պատգամավորը ֆիրմային խանութից օգտվի, եթե ապրում է զուտ իր աշխատավարձով: Ես 5 թոռ ունեմ մեծը` 19 տարեկան է, իսկ փոքրը՝ 5 տարեկան: Ամեն մեկն իր պահանջներն ունի: Դե պատկերացրեք այդ աշխատավարձով թոռնիկների ամենամինիմալ պահանջները բավարարել: Թեկուզ վերցնենք ծննդյան օրերը` պետք է պապիկը նվեր առնի, բայց շատ դեպքերում այդ գումարը չի հերիքում»,- ավելացրեց Համլետ Հարությունյանը: