Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողները վրդովված են նույն միջադեպի ժամանակ հրազենային վիրավորում ստացած Հրաչյա Սարգսյանի հոր դիտարկումներից, որոնք վերջինս հայտնել էր NEWS.am-ի հետ զրույցում: Հրաչյա Սարգսյանի հայրը որոշ գնահատականներ է տվել դեպքին, որոնք, ըստ Լյուքսի ծնողների, բխում է Դավիթ Խաչատրյանի շահերից, ով սպանության մեղադրանքով այժմ կալանավորված է:

Վաղինակ Սարգսյանն ասել էր, թե Հրաչյա Սարգսյանն այդպես էլ դեպքի օրը չհիշեց, այդ օրը կարծես ջնջվել է նրա հիշողությունից, փոխարենը լավ խոսքերով է հիշում իր հետ ծառայած զինվորներին՝ այդ թվում կալանավորված Դավիթին եւ մահացած Լյուքսին: Ասել էր նաեւ, որ Հրաչյան ընդհանրապես այդ զրույցին չի էլ մասնակցել, պատահական է կպել Հրաչյային: «Իմ կարծիքով՝ այս կրակոցը ընդհանրապես պատահականություն է եղել: Ես այդ մարդու հանդեպ ոչ մի բան չունեմ, դեպքերի բերումով ինքն էլ է զոհ, վերջապես այդ մարդու կյանքը, ճակատագիրն է խորտակվել՝ անկախ նրանից տուժեց, թե չտուժեց»,-ասել էր նա:

Ճակատագրի վերաբերյալ վերլուծություններն ու Դավիթի մասին դրական արտահայտվելը խոցել է որդեկորույս մոր սիրտը, ով զանգահարել էր NEWS.am-ի խմբագրություն եւ հակադարձել հետեւյալ հարցադրումներով. «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ընկերներին շատ լավ հիշող մարդը, չի կարող հիշել այդ միջադեպը: Ես հիմնականում ոչ թե վրդովված եմ Դավիթի պաշտպանների խոսակցությունից ու գնահատականներից, այլ վիրավորված եմ Հրաչյայի հորից, ով ակնհայտ Դավիթին է պաշտպանում: Ասում է՝ իմ որդին չի հիշում այդ կրակոցների դրվագը, բայց հիշում է ծառայությունը, նրանց՝ որպես լավ ընկերների: Այդ ինչպես եղավ, որ դա հիշում է, մյուսը՝ չէ: Մեզ դուր չի գալիս էս բարեխոսությունը, պաշտպանությունը եւ էդտեղից ակնհայտ է, որ նա շահագրգռված է»,-ասաց տիկին Լուիզան, ով հուզվեց եւ չկարողացավ միտքը շարունակել:

Քիչ անց Լուիզա Ստեփանյանը հավելեց, որ Հրաչյայի հայրը երեւի չի գիտակցում, որ իրենք որդի են կորցրել եւ խոսելով սպանված զինվորի մասին՝ պետք է ավելի զգոն լինել, նախապես չորակեն պատահական կրակոց:

Նշենք, որ նախաքննությունն ավարտվել է, շուտով նյութերն ուղարկվելու են դատարան: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունն ավարտման փուլում է: