Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի այս տարվա նիստը, որ պետք է տեղի ունենար երեկ եւ նախորդ օրը (հոկտեմբերի 28-29-ին) Երեւանում, ձախողվել է Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների չժամանելու պատճառով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս գիշեր, սակայն,  Երեւան է ժամանել Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Միլան Ցաբրնոխը, ով այսօր հանդիպումներ է ունենալու Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ խորհրդարանական  ուժերի հետ։ Հայաստանյան պատվիրակությունից միայն պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն է այս ընթացքում շփվելու Ցաբրնոխի հետ, իսկ պատվիրակության մնացած անդամները հարցերը քննարկելու են պաշտոնական ճաշի ընթացքում, որը նախատեսված է վաղը։ Չնայած հանձնաժողովի եվրոպացի անդամները չեն եկել, որպեսզի նիստը տապալեն,  Ցաբրնոխի հետ Երեւան են ժամանել Եվրախորհրդարանի մի քանի ուրիշ պատգամավորներ։

Շաբաթ-կիրակի Մոսկվայից ստացված լուրերից հետո, թե Հայաստանը ՄՄ-ի հետ սկսել է պրոբլեմներ ունենալ, նրանք եկել են հետախուզելու, թե արդյոք հնարավոր է, որ մինչեւ նոյեմբերի 28-29-ը, երբ նախատեսված էր ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանի դիրքորոշումը կարող է նորից 180 աստիճանով փոխվել, այսինքն՝ Սերժ Սարգսյանը գնա եւ ստորագրի Ասոցացման համաձայնագրի փաթեթը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):