Եգիպտոսում ձերբակալվել է «Մահմեդական եղբայրների» բարձրաստիճան անդամներից եւս մեկը` Ասսամ ալ-Արիանը: Երկրի ներքին գործերի նախարարությունում խոստացել են մանրամասները հրապարակել առաջիկայում:  

Reuters-ը հայտնում է, որ ալ-Արիանը ձերբակալվել է Նոր Կահիրեի իր առանձնատանը: Նա «Մահմեդական եղբայրների» եւ նրանց քաղաքական թեւի` «Ազատության եւ արդարության կուսակցության» գլխավոր գաղափարախոսներից էր շարժման առաջնորդ Մոհամեդ Բադիայի ձերբակալությունից հետո, հայտնում է rbc-ն: 

Ներկայումս  ձերբակալվել են «Մահմեդական եղբայրների» գրեթե բոլոր առաջնորդները: Կազմակերպությունն օրենքից դուրս էր հայտարարվել սեպտեմբերի վերջերին, իսկ հոկտեմբերի սկզբին այն հայտնել էր իր լուծարման մասին:

 «Մահմեդական եղբայրների» եւ Եգիպտոսի իշխանութունների միջեւ կոնֆլիկտն սկսվել էր, երբ իսլամականները չէին համաձայնել ընդունել օգոստոսին նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելը:  Օգոստոսին Եգիպտոսում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել էին հարյուրավոր մարդիկ: Կառավարությունը կատարվածի պատասխանատու համարում է  «Մահմեդական եղբայրներին»։