ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրել է սահմանափակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի գաղտնալսումը` ԱԱԳ-ի կողմից: Կարգադրությունն արվել է աշխարհի  35 առաջնորդների գաղտնալսումների վերաբերյալ տեղեկության հետեւանքով ծագած  սկանդալի պատճառով, որը տարածել էր ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը: 

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը Reuters-ին պատմել է, որ ներկայումս ամերիկյան իշխանությունները ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի էլեկտրոնային գաղտնալսում չեն իրականացնում, չմանրամասնելով՝ արվել է արդյոք դա անցյալում:  Սակայն ԱՄՆ-ի էլեկտրոնային լրտեսության վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը մամուլում վկայում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները  ՄԱԿ-ի գրասենյակը մշտական վերահսկողության տակ են պահել: Էլեկտրոնային հետախուզությամբ անմիջականորեն զբաղվող ԱԱԳ-ն  հրաժարվել է մեկնաբանություններից: ՄԱԿ-ը նույնպես  չի մեկնաբանել իրավիճակը, հայտնում է NEWSru.com-ը:

ԱՄՆ-ի իրականացրած գաղտնալսման ծավալների մասին հայտնի էր դարձել ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի շնորհիվ, որը Ռուսաստանում ժամանակավոր ապաստան է ստացել: