Սփյուռքահայ ոսկերիչները արդեն երեք տարի սփյուռքի նախարարության կողքին են: Այս մասին հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Ոսկերչական գործի արդի վիճակը. խնդիրներն ու հեռանկարները» խորագիրը կրող համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համաժողովին մասնակցում են Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի եւ Հայ ոսկերիչների բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Կանադայից, Թուրքիայից եւ այլ երկրներից ժամանած հայ եւ օտարազգի ոսկերիչներ:

Ողջունելով հյուրերին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորելէ բոլորին հայ ոսկերիչի օրվա կապակցությամբ եւ մաղթել լայն հնարավորություններ, միասնական լինելու եւ հարենիքի առաջընթացին ակտիվորեն մասնակցելու վճռականություն: Բարձր գնահատելով  սփյուռքահայ ոսկերիչների ավանդը համաշխարհային ոսկերչության զարգացման եւ Հայաստանը ոսկերչության կենտրոններից մեկը դարձնելու գործում, նա մասնավորապես ասաց. «Վերջերս  Սփյուռքի նախարարությունը ամփոփեց իր հնգամյա գործունեությունը, եւ արդեն երեք տարի դուք մեր կողքին եք, ցանկանում եմ, որ բոլոր նման հավաքների շնորհիվ բացվեն աշխատատեղեր, կյանքի կոչվեն այնպիսի նախաձեռնություններ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Ներկաներին ողջունել են եւ հյուրընկալության համար շնորհակալություն հայտնել ոսկեգործության համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալյերին եւ Հայ ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գագիկ Գեւորգյանը:

Ցուցադրվել է  Սփյուռքի նախարարության պատրաստած ֆիլմը՝ նվիրված Երեւանում 2012թ.  կայացած հայ ոսկերիչների աշխատանքների  ցուցաահանդեսին:

Հյուրերին ողջունել են Այրարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը, Գյուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթը, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սան Հարութ Տոնոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանը: