Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին ժամանել էր ՀՀ Ազգային Ժողով՝ մասնակցելու ԱԺ մշտական հանձնաժողովների բյուջետային քննարկումներին: Երբ Յ. Վարդանյանը դուրս եկավ դահլիճից՝ հայտնվեց լրագրողների շրջափակման մեջ: Նախարարին ուղեկցում էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, սակայն նրան էլ չէր հաջողվում նախարարին «պոկել» լրագրողներից:
Յու. Վարդանյանը հրաժարվեց պատասխանել իր որդու վերաբերյալ հարցերին, ասելով, որ դրա ժամանակը չէ, որ ամեն ինչ նորմալ է: «Մի օր կհավաքվենք, նստենք խոսենք... մի օր էս կողմ են կանչում, մի օր՝ էն կողմ են քաշում...»,- ասում էր Յուրի Վարդանյանը:
Հարցին, թե իրոք իր որդին հայերեն չգիտի՞, ինչպես պնդում է նրա պաշտպանը, Յուրի Վարդանյանը բարկացավ. «պաշտպանը գլուխը քարին է տալիս» ու արագ հեռացավ:





























