Ոչ որակյալ փաթեթավորումը փչացնում է Հայաստանում վաճառվող ալյուրը եւ շաքարավազը: Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է սննդային և ոչ սննդային թղթի փորձագետ Ալեքսանդր Ստեփանյանը:

Ըստ նրա՝ այդ մթերքները ոչ մի դեպքում չպետք է պոլիէթիլենային փաթեթներով վաճառվեն:  «Դրանք արագ շրջապատից ներծծում են այն, ինչ իրենց պետք է եւ պետք չէ: Այդ թվում՝ պոլիէթիլենի քիմիան: Ամռանը՝ առավել եւս. Որքան ջերմաստիճանը բարձր է, այնքան ակտիվ է պոլիէթիլենը վնասակար նյութեր արտազատում», -  ընդգծել է Ստեփանյանը:

Ըստ նրա՝ միշտ չէ,  որ պահպանվում է նաեւ փաթաթման փայլաթիթեղի որակը: Օրինակ, կարագի եւ կաթնաշոռի համար արտադրողները ոչ սննդային փայլաթիթեղ են կիրառում: «Դրանց վրայի նկարների համար կիրառվող ներկանյութերն էլ շատ հաճախ ոչ սննդային արտադրանքի համար են նախատեսված», – եզրակացրել է փորձագետը: