Հայաստանի Տաթեւ գյուղի հանրակրթական դպրոցը բելառուս գիտնական Վլադիմիր Աղաբեկովի կողմից պարգեւներ կստանա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գիտնականը նշել է, որ նվիրելու որոշումը կայացրել է  Տաթեւ կատարած այցից հետո, որը հայտնի է իր միջնադարյան վանքով:

«Գորիս քաղաքում տեղի է ունեցել քիմիայի վերաբերյալ կոնֆերանս, որին ինձ հրավիրել էր ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը: Այնտեղ է դասավանդում նաեւ մեկ այլ ընկեր, քիմիական գիտությունների դոկտոր Ռազմիկ Վարդանյանը, ով ծագումով Տաթեւից է ու միասին սովորել ենք Չերնոգոլովկում: Ես նրան ասում եմ՝ ուզում եմ գնալ Տաթեւ: Մեզ հրավիրել են տեղի դպրոց»,- պատմել է Աղաբեկովը:

Գալով՝ գիտնականը զղջացել է, որ իր հետ նվերներ չի բերել ու որոշել է հաջորդ անգամ բերել 20-30 պայուսակ ու նոթատետր: «Այդ նվերներով էլ կմեկնեմ Գորիս»,- ասել է Աղաբեկովը՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի 70-ամյա տարեդարձի առթիվ ժամանելով Երեւան:

Բելառուսի ԳԱԱ նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն, գիտությունների դոկտորը ծագումով Ղարաբաղից է: «Ծնողներս փոքր էին՝ 12 տարեկան հայրս ու 10 տարեկան մայրս, երբ 1918թ.-ի կոտորածների ժամանակ հաստատվել են Գրոզնիում: Ես, իհարկե, գիտեի որտեղ է նրանց հայրենիքը, բայց չգիտեի հայերեն»,- հիշում է Աղաբեկովը:

«Ինչ-որ ժամանակ բնակվում էինք Մինսկում, ուր մինչ այժմ գործում է կիրակնօրյա հայկական դպրոց: Սովորական դպորցում առաջադիմությունս լավ էր, իսկ ահա այստեղ նույն դասարանում մնացի: Չէի սովորել այբուբենի վերջին երկու տառերը: Հետո, իհարկե, բացը լրացրեցի:

Հայաստանի հետ կապը շարունակվեց Չերնոգոլովկում ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի խնդիրների ինստիտուտում ասպիրանտուրայի ուսուցման տարիներին, որտեղ ծանոթացա ապագա հայտնի հայ քիմիկոսներ Լեւոն Թավադյանի, Ռազմիկ Վարդանյանի, Մեջլում Երիցյանի, Սեւան Դավթյանի հետ, որոնց հետ միասին սովորեցինք ծագումով հայ հայտնի խորհրդային գիտնականների՝ Ենիկոլոպովի, Մերջանովի, Կնունյանցի մոտ: «Հետո մենք բաժանվեցինք, ես վերադարձա Մինսկ: Սակայն կապը պահպանվեց՝ ոչ միայն անձնական, այլ նաեւ աշխատանքային: Մենք շարունակում ենք համագործակցել հայկական ակադեմիական ինստիտուտների հետ»,- հավելել է Աղաբեկովը: