Սեդրակ Զատիկյանի սպանության գործով Ստեփան Հակոբյանի դատն արդեն 5 ամիս է, հետաձգվում է եւ գործով այդպես էլ դատավճիռ չի կայացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեդրակ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը:

Նրա խոսքով՝ սկզբում դատերը հետաձգվում էին Ստեփան Հակոբյանի վատառողջ լինելու պատճառով, իսկ երբ հիմա էլ չեն կարողանում բժշկական փաստաթուղթ ներկայացնել նրա պաշտպանը դատերին չի գալիս: «Եվ այսպես արդեն 5 ամիս է, դատ չի նշանակվում: Հերթական դատական նիստը նշանակել են հոկտեմբերի 31-ին: Վաղ, թե ուշ վճիռը կայացվելու է, իսկ եթե իրենց օգտին փաստեր են փնտրում, պետք է արդեն ձեռքի տակ ունեցած լինեին, բայց փաստն այն է, որ ինչ-որ օրինական պատճառ են գտնում եւ դատերը հետաձգում են: Մնում է, որ դատարանն ավելի խիստ մոտենա եւ ինչ-որ որոշում կայացնեն եւ ինչու ոչ վճիռը առանց նրանց կայացնեն»,- ասաց Մելս Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Զատիկյանի գործով  ոստիկանությունից տեղեկացրել էին, որ  ըստ դատաբժիշկների նշանակված փորձաքննության, նա մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա: Փորձաքննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, ինչն էլ մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան: Փորձաքննությունից հետո քննություն էր սկսվել, թե որտեղից են նրա ձեռքում հայտնվել թմրանյութը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ  2013-ի հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս  Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդին է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից:

Իսկ Զատիկյանի ավագ որդին` Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է պատահական անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: