Վաշինգթոնյան վերլուծաբանները քննադատում են ադրբեջանցի օլիգարխների փորձերը կաշառելու ամերիկյան օրենսդիրներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Վաշինգթոնում տեղի կունենա գալա-ընթրիք կոնգրեսականների ու սենատորների, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների, դիվանագետների մասնակցությամբ: Միջոցառումնեը կազմակերպել է ամերիկա-ադրբեջանական դաշինք հասարակական կազմակերպությունը, որը գլխավորում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին՝ Անար Մամեդովը, գրում է haqqin.az-ը:

Անար Մամեդովը վաշինգթոնյան Fabiani & Company լոբբիստական խմբավորմանը 5 տարվա ընթացքում 5 մլն դոլար է վճարել՝ ԱՄՆ-ի պաշտոնական անձանց հետ հարաբերություններ հաստատելու համար, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից հայտնել են Turan-ին:

Դաշինքի ներկայացուցիչ է նախկին կոնգրեսական Դան Բարթոնը: 500 հյուրերի մասնակցությամբ համերգն ու ընթրիքը կարժենան 1,5 մլն դոլար, Turan-ին հաղորդել է վաշինգթոնյան լոբբիստներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ:

Նա նշել է, որ այս միջոցառումը մյուսների համամատ բավական թանկ արժե: «Ավտորիտար ռեժիմները պատրաստ են այնքան վճարել, որպեսզի միջոցառումներին ներկա լինեն բարձրաստիճան անձինք, ու որ այդ ամենը հնարավոր լինի լուսանկարներով անմահացնել»,- հայտնել է նա:

Մեկնաբանելով նմանատիպ միջոցառումները՝ վերլուծաբաններից մեկը նշել է, որ նավթից ստացվող եկամուտները պետք է պատկանեն հասարակ ադրբեջանցիներին, այլ ոչ թե գնան ամերիկացի օրենսդիրների գրպանը, որոնց չի հետաքրքրում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը: Հարց է ծագում. ի՞նչն է թույլ տվել օլիգարխի երեխային հանդես գալ Ադրբեջանի անունից ու միլիոններ շռայլել, երբ Ադրբեջանում քիչ չեն կարիքավորները:

«Իհարկե, ամոթ է վերցնել այդ գումարը: Սակայն ինքը միջոցառումը ոչինչ չի որոշում ու չի ազդում երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է վաշինգթոնյան նույն աղբյուրը: