Հայաստանի հանրապետական կուսակցությունը այս անգամ նիստ կանի ոչ թե ավանդական դարձած հինգշաբթի օրը, այլ ուրբաթ օրը: Ըստ որում՝  նոյեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, կհրավիրվի Գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 19.00-ին ՀՀԿ Խորհրդի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Թե ինչով է պայմանավորված օրվա փոփոխությունը, նա նշեց, որ նախագահի զբաղվածությամբ եւ մի շարք այլ հանգամանքներով, եւ բազմիցս դեպքեր են եղել, երբ նիստը արել են ուրբաթ օրերին: Իսկ թե ինչու է հրավիրվել նաեւ Խորհրդի նիստ, Ռւոբեն Թադեւոսյանն ասաց, որ կուսակցության կանոնադրության համաձայն՝ 3-4 ամիսը մեկը Խորհրդի նիստ են հրավիրում:

Թե ինչ կքննարկվի այդտեղ, կորոշեն Գործադիր մարմնի նիստում, ԳՄ-ի օրակարգն էլ ձեւավորվում է տեղում: Հարցին, թե հայտնի կդառնա՞ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի անունը, ՀՀԿ-ական փոխնախագահն ասաց, որ այդպիսի հարցեր չեն քննարկում, թեեւ ոչինչ բացառված չէ:

Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀԿ-ն նիստ չր արել: