25 օր առաջ Ավան գյուղում առեղծվածային պայմաններում անհետացած 47-ամյա Յուրա Մարտիրոսյանին դեռ չեն հայտնաբերել, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավան գյուղի գյուղապետ Գեւորգ Գալստյանը: Նա նշեց, որ երեկ խնդրանքով դիմել են ՊՆ, որպեսզի նրանք ուղղաթիռ տրամադրեն անհետացած տղամարդուն փնտրելու համար, քանի որ համագյուղացիների, որսորդների, իրավապահների եւ ԱԻՆ-ի աշխատանքները դեռ արդյունք չեն տվել:
Պնախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ առաջիկայում նամակը քննարկման կդրվի եւ կպատասխանեն՝ ուղղաթիռ կտրամադրվի՞, թե՝ ոչ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ, 47-ամյա Յուրա Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ից առեղծվածային պայմաններում անհետացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ավան գյուղի գյուղապետ Գեւորգ Գալստյանը: Նա պատմեց, որ իրենց գյուղի բնակիչները անասունները հերթափոխով են պահում: Հոկտեմբերի 5-ի երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, երբ Յուրան վերադարձել է իր հերթից պարզվել է, որ մի քանի անասուն չի եկել: Գյուղացիներն էլ հավելեցին, որ կորած անասունների տերը եկել եւ ասել է, թե իրեն չի հետաքրքրում թող գնա, իր անասունը գտնի բերի: «Յուրան գնացել է ու էն գնալն է, որ գնացել է»,- նշել էին գյուղացիները: Գյուղապետը նաեւ ավելացրել էր, որ Յուրայի մայրը գլխի է ընկել, որ տղան վտանգի մեջ է եւ խնդրել է համագյուղացիներին գնալ փնտրել: Համագյուղացիները գնացել են փնտրելու, բայց չեն գտել:
Մինչեւ այսօր, թե համագյուղացիները, թե ոստիկանությունը, թե ԱԻՆ-ը փնտրում են, բայց ապարդյուն: Այնինչ` կորած անասունները հենց նույն գիշեր վերադարձել են: Գյուղապետը բացառել է, որ տղամարդուն կարող էին գայլերը կամ արջերը վնասած լինեն. «Այդ վարկածները ստուգվել են, եթե գայլ, արջ վնասած լինեին, ինչ-որ հետք կթողնեին: Նրա ձեռքին փայտ եւ մարտկոց է եղել, բայց դրանք էլ չեն գտնվել: Հագուստից էլ լաթի կտոր էլ չեն գտել: Միակ վարկածը նա է, որ վախից մի բան կատարվել է հետը եւ անհայտ ուղղությամբ է գնացել: Հարազատները հուսով սպասում են, որ հայրը ողջ առողջ վերադառնա տուն»: Անհետացած տղամարդը 18 տարեկան մի տղա ունի, որը պետք է բանակ զորակոչվի: Նա ապրում է տղայի, կնոջ եւ մոր հետ:





























