29-ամյա Հենրիկ  Խաչատրյանը Արմավիրի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Գոռ Գալստյանի վրա դանակ է պահել: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Հենրիկ  Խաչատրյանը այս տարվա օգոստոսի 2-ին, ժամը 17-ի սահմաններում Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր-լիազոր, ոստիկանության լեյտենանտ Մհեր Հովհաննիսյանի եւ նույն բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ Գոռ Գալստյանի օրինական պահանջներին չենթարկվելով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ Մ. Հովհաննիսյանի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է` ոտքով հարվածել է նրա ոտքին` պատճառելով ֆիզիկական ցավ: Այնուհետեւ նա ձեռքին եղած սառը զենք չհանդիսացող կենցաղատնտեսական նշանակության ծալովի դանակը ծալված վիճակում պատյանից հանելով եւ ի ցույց դնելով` Գ. Գալստյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է տվել:

Այսինքն` Հենրիկ  Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 316 հոդ.1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 29-ին: Առաջիկայում կնշանակավի դատական քննության օրը: