Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը կարեւորություն չի ներկայացնում, քանի որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա մենք տեսնում ենք նրա վարած քաղաքականությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում մենք ականատեսն էինք նրա բարեփոխումներին ու ապահովված երկիր ստեղծելու փորձերին»,- հիշեցրել է Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ բարեփոխումները հաճախ ուղեկցվում էին բացահայտ հանցագործություններով:
Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահի հայտարարությանն այն մասին, որ միջազգային հարթակում Հայաստանն այլեւս չի ընկալվում որպես վստահելի գործընկեր, նա նշել է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ, որ պետք է խոսի վստահելի գործընկերության մասին: «Մենք տեսանք նրա վերջին առաջադրման հետ կապված խառնաշփոթը, հետո, անձնագրում տեսավ, որ տարիքի հետ խնդիրներ ունի եւ այլն: Մենք տեսանք, թե ինչ ցայտնոտում էր նրա խումբը ու ինչ գնահատականներ էին հնչում հենց վստահելիության տեսակետից»,- ընդգծել է Հովհաննես Սահակյանը: Նա նաեւ հավելել է , որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ակնհայտ էր, վստահության ինչ մթնոլորտ է տիրում ինչպես իր խմբում, այնպես էլ՝ ողջ աշխարհում:
Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի, ու վերջինս պետք է իմաստություն ցուցաբերի, ինքնուրույն հրաժարվի իր պաշտոնից:





























