Յուսուֆ Քարշը լուսանկարել է անցյալ դարի ամենանշանավոր մի շարք անձանց: Նրա հսկայական հավաքածուն ներառում է Ջոն Քենեդու, Ջոան Քրոուֆորդի, Էլիզաբեթ Թեյլորի եւ Ուուլթ Դիսնեյի լուսանկարները, «Slate» ամսագրի կայքում գրում է լրագրող Սարա Մորոզը:
Բացի այն, որ Քարշի լուսանկարներում մի շարք աշխարհահռչակ դեմքեր են ու մտավորականներ, ինքն անձամբ բազում դժվարություններ է հաղթահարել: Յուսուֆ Քարշը ծնվել է 1908թ.-ին թուրքական Հայաստանում Հայոց ցեղասպանության տարիներին, ուստի ընտանիքի հետ հարկադրված է եղել լքել հայրենիքը: Սիրիայից Քարշն ի վերջո հասել է Կանադա: Նա Քվեբեքում ապրում էր հորեղբոր հետ: Հենց նա էլ, ով պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր, իր գիտելիքները փոխանցել է նրան:
Իր կարիերայի ընթացքում Քարշն ավելի քան 150 հազար լուսանկար է արել լայն ձեւաչափի խցիկի օգնությամբ: Ամեն անգամ, երկու ժամվա ընթացքում, նա 15-20 լուսանկար էր նկարում: Նա օգտագործում էր բնական կամ ստուդիայի լույսը, այլ ոչ թե խցիկի լուսարձակումը, այնպես էր կարող էր զրուցել իր հերոսի հետ ու առանց դադարի լուսանկարել:
Ջերի Ֆիլդերն աշխատել է Քարշի հետ 13 տարվա ընթացքում ու հարյուրավոր աշխատանքներում օգնել է լուսանկարչին: «Նախքան հանդիպումը նա հերոսի մասին հնարավորինս շատ տեղեկություններ էր հավաքում: Նա մինչ լուսանկարելը հերոսի հետ հանդիպում էր, կամ ընթրում էր, կամ ուղղակի առավոտյան մի քանի ժամ զրուցում նրանց հետ»,- պատմել է Ֆիլդերը:
Քարշն աշխատել է ավելի քան կեսդար, հետո 1992թ.-ին փակել է իր ստուդիան: 2002թ.-ին Քարշի մահից հետո նրա ունեցվածքը տնօրինում է Ֆիլդերը: Նա ղեկավարում էր Փարիզում Մոնա Բիսմարկի հիմնադրամում Քարշի աշխատանքների ցուցահանդեսը, որը կտեւի միչեւ հունվար: «Իր սարսափելի անցյալի պատճառով մարդ կարող է դաժան ու բարկացած լինել: Սակայն նրա մոտեցումը հետեւյալն էր. վատագույնը տեսել էր կյանքում, ուստի ցանկանում է կյանքում նշել լավագույնը. նա ցանկանում էր լուսանկարել նշանավոր մարդկանց»,- Քարշի մասին հասել է Ջերի Ֆիլդերը:




































