«168 ժամ» թերթի տեղեկություններով՝ ՍԴՀԿ հայաստանյան կառույցում սպասվում է իշխանափոխություն. ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները ցանկանում են հայաստանյան կառույցի ղեկավարի պաշտոնում տեսնել Վահան Շիրխանյանին: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեկուկես ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցավ ՍԴՀԿ 20-րդ համագումարը, որի արդյունքում կուսակցությունում հաղթեց լիբանանյան թեւը՝ հանձինս Սեպուհ Գալփակյանի, իսկ գործող ատենապետ Սեդրակ Աճեմյանը բավարարվեց փոխատենապետի պաշտոնով:
Հայաստանյան կառույցի ատենապետ Գեւորգ Պերկուպեկյանն էլ ընտրվեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ: Ենթադրվում է, որ հայաստանյան կառույցը  պետք է համագումար հրավիրի եւ ընտրի նոր ատենապետ: Գալփակյանը եւ նրա կողմնակիցները ցանկանում են, որ այդ համագումարում ատենապետ ընտրվի Վահան Շիրխանյանը:

Վերջինս Սեդրակ Աճեմյանի ատենապետության օրոք մի կողմ էր քաշվել, նեղացած էր, սակայն հիմա ակտիվացել է եւ հնարավոր է՝ իր վրա վերցնի ՍԴՀԿ-ի ղեկավարումը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ի գրանցման շուրջ դատական գործընթացը դեռեւս չի ավարտվել եւ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը համարում է, որ ՍԴՀԿ օրինական ընտրված ատենապետն ինքն է»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):