«ՉԻ»–ն առիթ էր ունեցել անդրադառնալու այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետությանը տրված խոշոր գրանտային ծրագրերի բաշխման գործընթացը իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Ընդ որում, սույն պաշտոնյան այդ գործի վրա է դեռեւս այն ժամանակվանից, երբ զբաղեցնում էր Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Մենք տեղեկացրել էինք, որ բավականին լուրջ դժգոհություններ կան հատկապես տեղեկատվական ոլորտի զարգացման դրամաշնորհների բաշխման գործընթացից։ Բանն այն էր, որ նախարարը ծրագրերում ընդգրկում էր յուրայիններին՝ իրական մրցակցությունից դուրս թողնելով այն ընկերություններին, որոնք կարող էին շահել դրամաշնորհը։
«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Դավիթ Սարգսյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության՝ կապված հենց գրանտային ծրագրերի բաշխման գործընթացի հետ։ Մենք տեղեկություններ ունենք, որ նախարարի գործունեության այս դրվագով կասկածներ են առաջացել եւ նա կանչվել է ցուցմունք-բացատրություն տալու։
Ի դեպ՝ մեր աղբյուրը նշեց, որ այս գործով իրար է խառնվել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի հանկարծ առերեսում չկայանա իր նախարարի եւ այն անձնավորության միջեւ, որը գործով կարող է արժեքավոր ցուցմունքներ տալ»,- գրում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























