Մոսկվայի Կրեմլի պալատում հանձնվել են «Արծաթե մաշիկ» մրցանակաբաշխության մրցանակները` տարվա ամենակասկածելի ձեռքբերումների համար: Մրցանակաբաշխությունը վարել են Ալեքսանդր Գորդոնը եւ Քսենիա Սոբչակը:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Տարվա պաշտոնյա, կամ աթոռը մնում է մարդու հետ» անվանակարգում հաղթել է Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը, որը պաշտոնից հեռացվել էր պաշտպանության նախարարության գույքը վաճառելու հետ կապված սկանդալից հետո: «Տարվա միմիմի» անվանակարգում «Արծաթե մաշիկ» է հանձնվել Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինային, որը հանդես է եկել անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչությունն արգելող օրինագծով:

Այդ անվանակարգի մրցանակին էին հավակնում նաեւ Սանկտ Պետերբուրգի պատգամավոր Վիտալի Միլոնովը եւ Չելյաբինսկի երկնաքարը:

Ժերար Դեպարդիեն հաղթել է «Տարվա գաստարբայտեր կամ ով է իրեն լավ զգում Ռուսաստանում» անվանակարգում: Նրա մրցակիցներն էին ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը եւ ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը:

«Արծաթե մաշիկ» է շնորհվել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` «Տարվա պլագիատ» անվանակարգում: Ըստ ժյուրիի՝ Օբամայի նախընտրական քարոզչության տեսահոլովակի գաղափարը փոխառվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմնակիցներից: «Տարվա անհանդուրժողականություն» մրցանակն ստացել են երեք մարդ` Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողուհի Ուլյանա Սկոյբեդան, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսիլյովը, որը կոչ էր արել «այրել նույնասեռականների սրտերը»:

Այդ անվանակարգում մրցանակը հանձնել է Վլադիմիր Պոզները: արդեն 17 տարի ամենակասկածելի ձեռքբերումների համար «Արծաթե մաշիկ» մրցանակը հանձնում է «Серебряный дождь» ռադիոկայանը: