Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շարունակում է հերքել իր պաշտոնանկության մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մարզպետը նշեց, որ «այդ ցնդաբանություններին ինքը չի անդրադառնալու եւ չի մեկնաբանելու»:
«Ինձնից հեռու մնացեք,իզուր եք սեւեռվել, իզուր եք այդ հարցը քննարկում, ես տրամադրված չեմ ձեր հարցերին պատասխանելու, լույսը բացվում է, սկսում եք, չի կարելի, սիրելիս, մարդկանց մի քիչ հանգիստ թողեք, մի լարեք, առանց այն էլ լարվածությունը կա մարդկանց մոտ, հազարումի խնդիրներ կան, ինչի եք իզուր մի բան էլ դուք ավելացնում: Քանի տարի է այդ հարցը քննարկում եք, դրա վերջը ե՞րբ պիտի գա, երբ գնամ թոշակի, այն ժամանակ ամեն ինչ կիմանաք, չեմ գնալու թոշակի»,- ասաց Կոտայքի մարզպետը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ լրատվամիջոցների հետաքրքրության մշտադիտարկման տակ հայտնված Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մինչեւ տարեվերջ հրաժեշտ կտա պաշտոնին:
«Նախագահական ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` սկանդալային մարզպետը, սակայն, ոչ թե պաշտոնանկ կարվի, այլ առոք-փառոք կգնա վաստակած հանգստի: Շահգալդյան ազգանունը, սակայն, ներկայիս մարզպետը մոռացության տալ չի պատրաստվում: Իրենից հետո հեղինակավոր այդ մանդատը հանձնել է ուզում որդուն` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին:
«Չգիտեմ, թե որդուն մարզպետ դարձնելու շանսերն ինչքան են, բայց փորձում է մեկ անգամ եւս նախագահի վստահությունն ստանալ»,-փոխանցեց մեր աղբյուրը: Ըստ նրա, սակայն, նախագահականում Կոտայքի մարզպետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանին»,- գրել է թերթը:





























