Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնից ազատ են արձակել «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին, քաղաքացիական ակտիվիստներ Անի Կաղինյանին, Լուսինե Հովսեփյանին եւ Նանե Մինասյանին, որոնց բաժնում պահել են շուրջ չորս ժամ:

Երեւանի Բաղրամյան պողոտայից  ոստիկանները բռնի ուժ գործադրելով, ակտիվիստների շորերը պատռելով, Կիվիրյանին եւ մյուս երեք ակտիվիստներին բերման էին ենթարկել Սերժ Սարգսյանին դդում նվիրելու համար:

Փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունն ապօրինի, խայտառակ վարույթ է իրականացրել, օրենքով սահմանված ժամանակից ավելի է պահել բերման ենթարկվածներին: Կիվիրյանի եւ երեք ակտիվիստների դեմ հարուցվա վարչական վարույթում նշված է, թե չեն ենթարկվել «ոստիկանների օրինական պահանջին՝ դիմակները հանելու մոտեցել են Բաղրամյան 26-ին»:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Արգիշտի Կիվիրյանն ասել էր, որ Հալոուինի տոնի կապակցությամբ մի դդում էին տարել Բաղրամյան 26՝ նվիրելու Սերժ Սարգսյանին:

«Դդումը տվեցինք ոստիկաններին: Սրբորեն բռնել էին, ուրախացան, որ  վերջը ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանին նվեր է տանում: Հուզվեցին, բայց դրանից հետո իջնում էինք դեպի Օպերա, երբ ապօրինի, առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, Գիտությունների ակադեմիայի մոտից մեզ բռնի կերպով, քաշքշելով չորսիս գցել են ոստիկանական ավտոմեքենայի հետեւը: Ավելին` ոստիկանը գիրկս էր նստած, այդ վիճակում բերել են: Կատարյալ «իզվռաշենեց» են դարձել: Պատկերացրեք ոստիկանը գալիս նստում է  իմ գիրկը: Արդեն հասել ենք այդ օրին»,- ասել էր  Արգիշտի Կիվիրյանը: