Գերմանիան որպես իրական բարեկամ շարունակելու է աջակցել Հայաստանի զարգացմանը: Այս մասին, հոկտեմբերի 31-ին, աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գիդո Վեստերվելեն ասել է, որ Հայաստանը եւ Գերմանիան գերազանց փոխհարաբերություններ ունեն եւ ընդգծել, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հաստատված է ակտիվ քաղաքական երկխոսություն, որը վերջին տարիներին նոր թափ է ստացել, ամրապնդվել ու խորացել է տարբեր բնագավառներում փոխգործակցությունը։

Նախարարները վստահություն են հայտնել, որ համատեղ հետեւողական ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններն առավել կզարգանան եւ կընդլայնվեն։

Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, քննարկել Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել վարչապետ Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջնային հարցերի շուրջ: