Բացասական լուրերի ազդեցությունը մարդու հոգեկանի վրա մեղմանում է կրկնվելու դեպքում: Նման եզրահանգման են եկել իսրայելցի գիտնականները, հայտնում է Թել-Ավիվի համալսարանի պաշտոնական կայքը: Գիտնականները փորձեր կատարելիս հիմնվել են այսպես կոչված Ստրուպի էֆեկտի վրա, որի ընթացքում կամավորներին առաջարկվել է ճիշտ անվանել տրված բառի գույնը՝ ինչպես չեզոք, այնպես էլ բացասական, հայտնում է Lenta.ru-ն:
Փորձը ցույց է տվել, որ բացասական մեկ բառով Ստրուպի թեստ անցնելիս մասնակիցների տրամադրությունն ընկել է, իսկ երկար թեստը արդեն չի ազդել տրամադրության վրա:
Գիտնականներից մեկը նշել է, որ կարելի է ստացված արդյունքները նորություններ ընթերցելու վրա էլ տարածել: «Եթե դուք առավոտից թերթում պայթյունի կամ այլ ողբերգության մասին լուր եք տեսնում, ապա ավելի լավ է հոդվածն ամբողջությամբ կարդալ՝ բացասական տեղեկատվության ազդեցությանը ենթարկվելով: Դա կմեղմացնի օրվա ընթացքում ստացված բացասական լուրերից ազդեցությունը», - խորհուրդ է տալիս հոգեբանը:




























