«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը բացի «մասնագիտական ոլորտում որակներ տալուց, իր ուսանողներին բարոյական արժեքներ է քարոզում»: Այս մասին NEWS.am-ին ասաց Անի Զախարյանը՝ անդրադառնալով իրեն համալսարանից հեռացնելու պահանջով կենսաբանական ֆակուլտետի ուսանողների նախաձեռնած ստորագրահավաքին։ 

«23 տարեկանից ինձ վստահել են Երևանի պետական համալսարանում դասավանդելու առաքելությունը՝ Կենսաքիմիայի ամբիոնում: Մագիստրատուրան ավարտելուց հետո ինձ պահել են Կենսաքիմիայի ամբիոնում: Եվ բացի մասնագիտական՝ կենսաքիմիական ոլորտում որակներ տալուց, ես իմ ուսանողների մեջ նաև դաստիարակել եմ որպես քաղաքակիրթ, որպես բարոյապես բարձր մարդիկ, ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդներ:  Ես միմիայն բարոյական արժեքներ եմ քարոզել: Դա կարող է փաստել յուրաքանչյուր ուսանող, ում ես դաս եմ տվել»,- ասաց նա։

Թեեւ Անի Զախարյանը նոյեմբերի 24-ի իր առաջին հանրահավաքում հայտարարել էր, որ եթե վեց ամսվա ընթացքում չկատարվեն իրենց պահանջները, իրենք ստորագրահավաք են սկսելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով, բայց նոյեմբերի 28-ին արդեն ստորագրահավաք էր անցկացնում Ազատության հրապարակում։ NEWS.am-ի հարցին, թե ինչու որոշեց ավելի շուտ սկսել ստորագրահավաքը, Անի Զախարյանը պատասխանեց, որ կան մարդիկ, որոնք այս պահին են պահանջում նախագահի հրաժարականը. «Այդ ստորագրություններն արդեն վկայությունն են դրա, որ իրենք չեն ուզում ժամանակ տալ: Մի՞թե հնարավոր է ժամանակ տալ, երբ ընտանիքում մտնում ես ներս և տեսնում՝ երեխաներդ սոված են:  Մի՞թե կարելի է ժամանակ տալ այն բանի համար, որ դու տեսնում ես ամենատարրական բաները չի կարողանում ընտանիքդ ապահովվել: Իսկ ո՞վ է մտածելու այդ հարցերի շուրջ, եթե ոչ երկրի ղեկավարը»։

Հարցին, արդյո՞ք Անի Զախարյանն ի վիճակի է երկիր ղեկավարել, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը պատասխանեց. «Ես մեծ ցանկություն ունեմ տեսնել մեր երկիրի արժանապատիվ ապագան, ներկան, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատիվ կյանքը, սոցիալ-տնտեսական խնդիրները մինիմումի հասցված իրավիճակը, բարձր կրթական համակարգը, մշակութային լուրջ բարեփոխումները, արդիականացումը, ժամանակակից մոտեցումները, քաղաքացու քաղաքացիական գիտակցության բարձրացումը: Իսկ այդ ամենին հասնելու համար լուրջ աշխատանք է պետք կատարել, ինչին ես, իհարկե, պատրաստակամ եմ, և դա ինձ միմիայն մարդկային հաճույք է պատճառում: Բավարարվածություն, որովհետև իմ մարդկային տեսակը ես համարում եմ ալտրուիստ»: