Նոյեմբերի 30-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Մարալիկ հատվածը դեռեւս դժվարանցանելի է, նախորդ գիշեր տեղացած առաջին ձյան պատճառով ավտոճանապարհին են մնացել մարդատար եւ բեռնատար մեքենաներ: Գիշերը ձյունը մերկասառույց է դարձել, ինչի հետեւանքով բեռնափոխադրող մեքենաներից մեկը դուրս էր եկել երթեւեկելի գոտուց։ Առավոտից սկսված ճանապարհների մաքրման աշխատանքները  կեսօրին դեռ չէին ավարտվել։ Երեւան-Գյումրի ճանապարհը տեղ-տեղ մառախլապատ է, ժամանակ առ ժամանակ ձյուն է տեղում։

«Էս ինչ էղավ, ձյունը անակնկալ էկավ, չենք էլ հասցրել փոխել մեքենաների պագրիշկեքը»,- NEWS.am-ին ասաց ճանապարհին մնացած մեքենաներից մեկի վարորդը՝ Լեւոնը:

Նրա խոսքով՝ ամառային անվադողերը ձմեռայինով փոխարինելը թանկ հաճույք է. ինքը դեռ գումար էր կուտակում՝ փոխելու համար: «Էդ փոխելը իմ վրա ամենաքիչը 100 հազար կնստի, ուզեմ-չուզեմ պիտի անեմ, ձմեռը հլը չսկսած Լենինականի ճամփեն կատոկ ա դառել»,- բողոքում էր վարորդ Լեւոնը: