Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հակառակորդների երթի մասնակիցները, որն ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին զուգահեռ, մտադիր են կառավարությանը նամակ փոխանցել:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին մասնակիցները խմբվել են կառավարության շենքի դիմաց, որը շրջափակել են ոստիկանները: Ցույցի մասնակիցներից մեկը ընթերցել է նամակի բովանդակությունը: Դրանում ասվում է, որ այսօր հայերն ու Հայաստանը հետագա զարգացման եւ ժողովրդավարության հնարավորությունը կորցնելու վտանգի տակ են:
«Դա տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ու դրանից բխող հետագա գործընթացներին միանալու հայտարարությունից հետո», - նշված է նամակում:
Նամակում պահանջվում է հարգել ՀՀ քաղաքացու իրավունքները, կանխել Մաքսային միությանը Հայաստանի միացումը եւ հրաժարվել Եվրասիական միության ձեւավորմանը մասնակցելուց՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:
Ցույցի մասնակիցները բացականչում են «Պուտին, հեռացիր», «Ազատ եւ անկախ Հայաստան»: Կառավարության շենքի դիմաց ցույցը շարունակվում է: Մարդիկ շարունակում են հավաքվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Գյումրիում եւ Երեւանում նախագահները կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվոմ` հայ-ռուսական համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազա: Պուտինի այցի պատճառով առավոտվանից փակ է Երեւանի կենտրոնը: Զուգահեռ մի շարք ակտիվիստներ այսօր բողոքի տարբեր ցույցեր են կազմակերպել:











