Բրոնքսում դեկտեմբերի 1-ին վթարի ենթարկված գնացքը թույլատրելի  արագությունը գերազանցել էր գրեթե երեք անգամ: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի կառավարության Տրանսպորտային անվտանգության խորհուրդը (National Transportation Safety Board, NTSB):

30 մղոն/ժ (48 կմ/ժ) թույլատրված արագությամբ հատվածում «սեւ արկղի» գրառումները վկայում են, որ գնացքը  սլացել է 82 մղոն /ժամ արագությամբ (128կմ/ժ): Ընդ որում, «սեւ արկղը» ոչ մի տվյալ չի պարունակում գնացքի արգելակային համակարգում  խափանումների վերաբերյալ, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով AP-ը:

Metro-North ընկերության գնացքը ռելսերից ընկել էր  դեկտեմբերի 1-ին`  տեղի ժամանակով առավոտյան 7:20-ին (16:20-ին` Երեւանի ժամանակով), Բրոնքսի շրջանում: Զոհվել էր չորս մարդ, վիրավորվել` 60-ը: 

ՆՏՎ-ն հայտնում է, որ դեկտեմբերի 1-ին շատերը տուն էին վերադառնում Նյու Յորքի արվարձաններից` երկար արձակուրդից հետո (ԱՄՆ-ում Գոհաբանության օրն էին տոնում): Գնացքում եղել է 150 մարդ: Գնացքը կտրուկ ոլորանով է անցնելիս եղել, երբ  տեղի է ունեցել ողբերգությունը: Վագոնները բախվել են միմյանց դոմինոյի սկզբունքով, մի քանիսը դուրս են եկել ռելսերից եւ շրջվել: Նրանցից մեկը քիչ է մնացել գետում հայտնվի:

Գնացքի պատուհաններից երեք ուղեւոր դուրս են ընկել եւ  մահացու ջախջախվել:

Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայությունները, ոստիկանները, հրշեջները, շտապօգնության մեքենաները, ինչպես նաեւ մի խումբ կամավորներ: Վթարը տեղի է ունեցել գետից մի քանի սմ հեռավորության վրա, ուղեւորներից ոմանք կարող են գետում լինել: