Այսօր՝ փետրվարի 27-ին, Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով մեղադրյալ, հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի տարեդարձն է: Նա այսօր դառնում է 55 տարեկան:
ՔԿՀ լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նման դեպքերում թույլատրվում է կարճատեւ՝ մինչեւ 3 ժամանոց տեսակցություն հարազատների հետ: Դերասանը տարեդարձը կանցկացնի «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան են այցելելու ընտանիքի անդամները: Դրանից բացի՝ մի խումբ երիտասարդներ նրա ծննդյան առթիվ որոշել են հավաքվել «Դատապարտյալների հիվանդանոցի» մոտ, եւ ինչպես ասված է նրանց հայտարարության մեջ, «աջակցությունն ու դրական լիցքերն են ուղղում դեպի նա շնորհավորական նամակ-բացիկներով, պաստառներով, փոքրիկ նվերներով կամ սրտից բխած ու ըստ երեւակայության անակնկալներով, ամենայն հավանականությամբ կլինի նաեւ քայլերթ»:
Նշենք, որ Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործը քննվելու է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայրը՝ Աբովյան՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: Առաջին նիստը հավանաբար կնշանակվի մարտին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:



























