Հայաստանի ժողովրդական արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանի առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից:
Նա հիվանդանոցում կմնա ամենաշատը 15 օր: Բ/Կ-ից նաեւ հայտնեցին, որ երեկ դերսասանին են այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Գուժ Մանուկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այդ անգամ տեղափոխման պատճառը արյունահոսության ախտանշաններն էին, խնդիրներ կային կոկորդի հատվածում, հետազոտություններ էր անցել, այնուհետեւ վիրահատվել, հեռացրել էին պարանոցի շրջանում կիստոզ գոյացությունը: Դրանից հետո հայտնի դերասանի մոտ այլ առողջական խնդիրներ էր առաջացել: «Ռադիկուլիտը մեջքիցս խփել է ոտքիս, տարիքի հետ չբուժեցի, եկավ հասավ ոտքիս, մի քանի բան փորձել եմ, ոչինչ չի օգնում` ասեղնաբուժություն, մասսաժանման բաներ, հիմա էլ «Օրսեն» եմ առել, ասել են մի 5 ասեղ սրսկվի, տեսնենք»,- ասել էր Գուժ Մանուկյանը: Փետրվարի 17-ից նա տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Հայտնի դերասանին կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում է արվել:



























