Սահմանադրական «բարեփոխում» ասածի նպատակը մեկն է՝ վերարտադրել իշխող կլանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի երրորդ Հանրապետության ծնունդը հետեւանք էր Խորհրդային կայսրության փլուզման, բայց այն չէր կարող կայանալ այսօրվա սահմաններով` ներառյալ Արցախի, եթե չլիներ հզոր համաժողովրդական շարժումը` Ղարաբաղ կոմիտեի ղեկավարությամբ:

1998թ.-ին վարչապետի եւ ուժային կառույցների մասնակցությամբ իրականացվեց պետական հեղաշրջում. արդյունքում, շրջանցելով սահմանադրությունը, ընտրությունները կեղծելով` Քոչարյանին հռչակեցին Հանրապետության նախագահ:

Քոչարյանը դարձավ քրեաօլիգարխիկ համակարգի ձեւավորման ճարտարապետը:

Քոչարյանը այդ համակարգի կայացման համար ոչնչի առաջ կանգ չառավ` օգտվելով Ստալինյան հայտնի բանաձեւերից` չկա մարդ` չկա խնդիր, կամ կա մարդ` քրեական հոդվածը կգտնվի, եւ այդ գործելաոճով նրա իշխանավարման ժամանակահատվածը ուղեկցվեց երկու տասնյակից ավել պետական ու քաղաքական գործիչների առեղծվածային մահով, հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ի սպանդով:

Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի կողմից հիմնադրվեց ավանդույթ, այն է` յուրաքանչյուր համապետական ընտրությունների ընթացքում Ղարաբաղից Հայաստան տեղափոխել հատուկ պատրաստված ուժային կազմավորումներ, որոնք հայաստանյան օլիգարխների, սափրագլուխների բանդաների հետ համատեղ ճնշում են համաժողովրդական ընդվզումը, ինչը վերջին տարիներին հայության երկու հատվածի միջեւ առաջացրել է սառնություն, որն էլ ավելի խորացավ Ռ.Քոչարյանի 2013թ. հայտարարությամբ, ըստ որի երկու ղարաբաղցի իրար դեմ չեն պայքարում:

Նման գործելաոճով 2008թ. մարտի 1-ին 10 զոհերի, հարյուրավոր վիրավորների, հարյուրից ավել քաղաքական բանտարկյալների ու հազարավոր հալածյալների գնով՝ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Ս.Սարգսյանին: Ինչը իրականություն չէր դառնա, եթե ընդդիմությունը ականջալուր լիներ հասարակության ձայնին, վճռական քայլ կատարեր եւ իշխանությունը վերադարձներ իր տիրոջը՝ ժողովրդին: 

Վերջին քաղաքական զարգացումները՝ սկսված սահմանադրական «բարեփոխումների» նախաձեռնողների հայտարարությունները՝ մասնավորապես Ս. Սարգսյանի, որ դեմ է Խորհրդարանական համակարգին, իսկ Ռ.Քոչարյանը ժամանակավրեպ է համարում, քանի որ չկա հասարակական պահանջարկ, փորձում են թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

Այսպիսով սահմանադրական «բարեփոխում» ասածի նպատակը մեկն է՝ վերարտադրել իշխող կլանը:

Այդ նպատակին է ծառայում Ս.Սարգսյանի եւ Ռ.Քոչարյանի անձնական օգտագործման եւ նեղ խմբակային շահերին սպասարկող կուսակցությունները ընդդիմադիր դաշտ մղելու գործընթացը, իսկ իրենց կողմից չվերահսկվող ուժերին՝ իրական ընդդիմությանը, լուսանցք մղելու փորձերը: Այդ նպատակի համար օգտագործում են գրեթե ամբողջովին իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-երը՝ իրականացնելով քարոզչություն գեբելսյան մեթոդաբանությամբ: 

Այս ամենի արդյունքում շարունակական արտագաղթի հետեւանքով դատարկվում է  երկիրը, փոխվում է (պարտադրված) ժողովրդի հոգեկերթվածքը, եւ երկրում տիրապետող է դարձել հուսահատության ու անտարբերության մթնոլորտը, ինչը հասել է մի սահմանի, որը այլեւս վտանգում մեր պետականության գոյությունը:

Ստեղծված վիճակից դուրս գալու ելքը` անել ամեն ինչ ժողովրդին գործոն դարձնելու, օր առաջ ձեւավորելու հզոր համաժողովրդական շարժում` ունենալով քաղաքական օրակարգ` ցանկացած գնով իշխանությունը հանձնել ժողովրդին եւ պետությանը վերադարձվի ժողովրդից թալանվածը, պատասխանատվության ենթարկելով այս վիճակի համար պատասխանատու յուրաքանչյուրին»: