Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բին Աբդել Ռահման Ալ Թանին ժամանել է Թեհրան, որտեղ բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակը և տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայի խոսքով՝ Կատարի վարչապետի այցը տեղի է ունենում Թեհրանի և Դոհայի միջև կանոնավոր խորհրդակցությունների շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը նաև շարունակել են քննարկել Կատարի միջնորդական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային լարվածության հետագա սրացումը կանխելուն և կայունության ամրապնդմանը։
Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում Կատարի և Իրանի արտաքին գործերի նախարարները նաև քննարկել են Հորմուզի նեղուցով անցնող ժամանակավոր նավարկային միջանցքի նախագիծը, փոխանցում է Al Jazeera-ն։
Ինչպես հայտնել են Կատարի ԱԳՆ-ում, առաջարկվող սխեման նախատեսում է նավագնացության համար ժամանակավոր երթուղու ստեղծում։
Բացի այդ, կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման համատեղ նախագծի իրականացման վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունը։





























