Ադրբեջանի ԱԳՆ-ն «վճռականորեն դատապարտել է օգոստոսի 27-ի ցերեկը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան դիմաց անհայտ անձանց կողմից հակաադրբեջանական բնույթի սադրիչ պատկերների տեղադրումը»։

«Չի բացառվում, որ այս անընդունելի սադրանքը, բացի ադրբեջանա-ռուսական հարաբերություններն արհեստականորեն սրելու փորձից, նաև Ադրբեջանի դեմ կեղտոտ և կողմնակալ արշավի մաս է, որը վերջին շրջանում իրականացվում է մի շարք ռուսական ԶԼՄ-ներում։

Ադրբեջանական կողմը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին պատշաճ իրավական գնահատական տալ նման սադրիչ գործողություններին, ապահովել միջադեպի համակողմանի քննությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։

Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը, համաձայն 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, ամբողջությամբ կկատարի Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգության պատշաճ մակարդակն ապահովելու, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությանը խոչընդոտելուն ընդունակ ցանկացած սադրիչ գործողություն կանխելու իր պարտավորությունները», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։