«Նորիլսկի նիկել» ընկերության ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներին արտասովոր միջադեպ է տեղի ունեցել դեկտեմբերի 4-ի գիշերվա ժամը 2-ի սահմաններում: Տեղի գործարանի մի խումբ բանվորներ ջերմաքարշով հետապնդել են արջին եւ վրաերթի ենթարկել՝ այդ ամենը տեսանակարահանելով, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Տեսագրության՝ ցանցում հայտնվելու հետ կապված Նորիլսկի տրանսպորտային դատախազությունը ստուգում է սկսել, հայտնել է Արեւմտա-սիբիրյան տրանսպորտային դատախազի ավագ օգնական Օքսանա Գորբունովան:
«Տեսագրությունը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ ջերմաքարշի բրիգադը գիտակցաբար ավելացնում է արագությունը՝ չփորձելով խուսափել բախումից: Մենք ստուգում ենք անցկացնում ոչ այն պատճառով, որ արջին ենք խղճում. Կգնահատենք բրիգադի գործողությունների օրինականությունը», – ասել է նա գործակալությանը եւ հստակեցրել, որ դատախազությունը ստուգում է երկաթուղային տրանսպորտի շահագործման անվտանգության օրենսդրության պահպանման հարցը, քանի որ ցանկացած բախում եւ արագության անհիմն ավելացում երթեւեկության համար վտանգ է ներկայացնում:











