Հունվարին առեւտուր գրեթե չկա, մարդիկ միայն հաց, սիգարետ, երբեմն` տուփով շոկոլադ եւ ալկոհոլային խմիչք են գնում…

Օրացուցային տարում հունվարն առեւտրի համար ամենաանբարենպաստ ամիսն է: Մթերային փոքր խանութի տերն ու միաժամանակ դրա միակ վաճառողը պատմեց իր խնդիրների մասին:  Ըստ նրա` հունվարին առեւտուր գրեթե չկա, մարդիկ միայն հաց, սիգարետ, երբեմն` տուփով շոկոլադ եւ ալկոհոլային խմիչք են գնում: Հացի ու սիգարետի պարագայում ամեն ինչ հասկանալի է, դրանք ամենօրյա սպառման ապրանքներ են: Շոկոլադ, գինի, կոնյակ կամ օղի մարդիկ գնում են հյուր գնալիս` որպես ամանորյա նվեր:

Բոլորին հայտնի է, որ առեւտրականները սիրում են բողոքել իրենց «դժվարին եւ ծանր» աշխատանքից: Սակայն այս դեպքում ճշմարտության հատիկ կա: Այսպես, անցյալ տարվա հունվարին դեկտեմբերի համեմատ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել էր շուրջ 3 անգամ: Բացարձակ արտահայտմամբ անկումը կազմել էր գրեթե 166 մլրդ դրամ, ընդ որում` խանութներին առյուծի բաժինն է հասել  (շուրջ 132 մլրդ դրամ): Այստեղ ավանդաբար ազդում են հիմնական երկու գործոններ:

Առաջին. նախատոնական ծախսերից հետո շատ ընտանիքներ պարզապես փող չունեն ապրանք գնելու համար: Երկրորդ, մի քանի օր  սպառում են տոնական սեղանների համար նախապես գնած սննդամթերքը: Այդ պատճառով էլ հունվարի առաջին տասնօրյակը մղձավանջ է առեւտրականների համար: Իհարկե, նրանք չեն աղքատանա: Սակայն նախատոնական իրարանցումից հետո  հունվարը  նրանց համար տխուր շրջան է: