Ռուսաստանից ներքին գներով արդեն պատրաստ են ալմաստ գնել հայկական 9 ընկերություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսական «ԱԼՌՈՍԱ» պետական ընկերության (աշխարհի խոշորագույն ալմաստ արդյունահանողը) փոխնախագահ Անդրեյ Պոլյակովը: 2014 թվականի հոկտեմբերի դրությամբ, ներքին գներով Ռուսաստանից սկսել են ալմաստ գնել հայկական 3, իսկ պայմանագիր են կնքել՝ 9 ընկերություններ:
Նշենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրով, որը ստորագրվել է Հայաստան կատարած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագայի այցի ընթացքում, հայկական ընկերությունները հնարավորություն են ստացել ռուսական չմշակված ալմաստը ձեռք բերել՝ առանց 6.5%-անոց արտահանման տուրքի, բայց միայն մշակման, այլ ոչ թե երրորդ երկրների վաճառելու նպատակով:
«Եթե Հայաստանն արտադրական, այլ ոչ թե սպեկուլյատիվ կենտրոն դառնա, մենք կհասկանանք, որ հեռանկարում եւս մեկ հուսալի առեւտրային կենտրոն ունենք, որը կախված է ոչ թե դիլերությունից, այլ արտադրությունից»,- նշեց Պոլյակովը:
Հավելենք, որ 2014 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանը Ռուսաստանից 37.8 հազար կարատ չմշակված ալմաստ է ներմուծել՝ ի տարբերություն 2013 թվականի նույն ժամանակահատվածի 92 հազարի: Կրճատումը կապված է եղել երկրների միջեւ մատակարարումների խնդրի եւ նոր համաձայնագրերի հետ: Համապատասխանաբար, Ռուսաստանից մատակարարումները կազմել են ներմուծման ընդհանուր ծավալների միայն 14%-ը:




























