Ռուսական «ԱԼՌՈՍԱ» պետական կորպորացիան ընդառաջել է հայ ալմաստ մշակողներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց կորպորացիայի փոխնախագահ Անդրեյ Պոլյակովը: 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրով, հայկական ընկերությունները կարող են ՌԴ-ից առանց արտահանման տուրքի 6.5%-ով ռուսական ալմաստ արտահանել՝ մշակման նպատակով: Ամեն դեպքում, արգելվում է վերաարտահանել նույնիսկ այն ալմաստը, որը հայկական ընկերություններն իրենց համար ոչ շահութաբեր են համարում (շատ մանր եւ հարթ քարերը, որոնց մշակումը Հայաստանում ավելի թանկ է արժենում, քան հենց քարը):

«Քանի որ համաձայնագիրը բավական խիստ է, մեզանից շուրջ մեկուկես տարի պահանջվեց՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է կառուցել բոլոր գործընթացները: Արդյունքում որոշեցինք, որ մեր հայաստանցի գործընկերներն իրենք կտեղեկացնեն, թե ինչ տեսականու կարիք ունեն իրենց արտադրության համար: Իսկ մենք առավելագույնս ընդառաջ կգնանք»,- հավելեց Պոլյակովը:

Դա հնարավորություն կընձեռի որոշակի չափով լուծել «անհարմար» քարերի հարցը: Ամեն դեպքում, ըստ զրուցակցի, համաձայնագրի նպատակը Հայաստանում արտադրությունը, այլ ոչ թե վերավաճառքը խթանելն է:

2014թ. հոկտեմբերի դրությամբ, հայկական մշակողներին շուրջ 380 հազար կարատ ալմաստ է առաջարկվել, որից վաճառվել է շուրջ 40 հազարը: 2015 թվականին ընկերությունը պատրաստվում է աշխատանք տանել երկարաժամկետ գործընկերների, այդ թվում՝ հայկական ընկերությունների հետ տեսականու համաձայնեցման ուղղությամբ:

Հավելենք, որ 2014 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանը Ռուսաստանից 37.8 հազար կարատ չմշակված ալմաստ է ներմուծել՝ ի տարբերություն 2013 թվականի նույն ժամանակահատվածի 92 հազարի: Կրճատումը կապված է եղել երկրների միջեւ մատակարարումների խնդրի եւ նոր համաձայնագրերի հետ: Համապատասխանաբար, Ռուսաստանից մատակարարումները կազմել են ներմուծման ընդհանուր ծավալների միայն 14%-ը: