Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ Դողու Փերինչեքը մասնակցի հունվարի 28-ին տեղի ունենալիք ՄԻԵԴ-ի վճռաբեկ դատավարությանը։
Թուրքական Anadolu գործակալության հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հիշեցրել է, թե Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտված եւ դատարանի վճիռը ՄԻԵԴ տեղափոխած դատավարության կողմ հանդիսացող Դողու Փերինչեքը պետք է մասնակցի հունվարի 28-ին կայանալիք դատավարությանը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ թուրքական դատարանը Փերինչեքին արգելել է բացակայել երկրից, սակայն կարող է Հայաստանի դեմ դատավարության համար բացառություն անի։
Նշենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։
Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։
Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Հայաստանի շահերը ներկայացնելու է փատաբանների հայտնի խումբ` Ջեֆրի Ռոբերթսոնի եւ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։




























