Բազմամիլիոնանոց յուրացումների մեջ մեղադրվող, սնանկացման պատճառով լուծարված «Կեմերովսկի մելկոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատեր  Դմիտրի Ռիժենկովը հունվարի 14-ի առավոտյան սպանվել է իր տան մոտ։

Կատարվածի մասին տեղեկացրել է Ռիժենկովի վարորդը, որը վաղ առավոտյան մեքենայում նստած սպասելիս է եղել նրան։ Վարորդը ձայն է լսել եւ տեսել, որ տուժածն ընկել է։ Նրա մարմնին հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել։ Դեպքի վայրում աշխատում են ՌԴ ՔԿ Կեմերովոյի մարզի  քննիչները, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Դ. Ռիժենկովը քրեական գործի ֆիգուրանտ էր, որը հարուցվել էր «Կեմերովսկի մելկոմբինատ» ՓԲԸ-ի պահեստներից 90 մլն ռուբլու չափով շուրջ 16 հազար տոննա հացահատիկի կորստի կապակցությամբ։

Ըստ քննության՝ Դ. Ռիժենկովը առեւտրային մի քանի կազմակերպությունների փաստացի սեփականատերն ու ղեկավարն էր, նա  մի շարք ապօրինի սխեմաներ է իրականացրել,  որում նրան օգնել են  վարկային հաստատություններում, պետական կառույցներում, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրաքնների շուկայում ունեցած բազմաթիվ կապերը ։  Իրեն ենթակա գյուղատնտեսական հատվածի կազմակերպությունների օգնությամբ՝ նա մի քանի վարկ է ձեւակերպել, որոնց պարտքերը չեն վճարվել վարկառու ձեռնարկությունների սնանկացման պատճառով։