ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դոնեցկի մոտ ուղեւորատար ավտոբուսի հրետակոծումը՝ կոչ անելով միջադեպի «անկողմնակալ հետաքննություն» վարել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հունվարի 13-ի երեկոյան ընդունված հայտարարությունում ԱԽ անդամները նաեւ ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին:

«Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտել են հունվարի 13-ին Դոնեցկի մոտ՝ Վոլնովախում, ուղեւորատար ավտոբուսի հրետակոծումը, որի հետեւանքով 11 քաղաքացիական անձ սպանվել, 17-ը վիրավորվել են, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ», - ասված է փաստաթղթում: Բացի այդ, Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի արեւելքում հակամարտող կողմերին կոչ է արել խստորեն պահպանել Մինսկի պայմանավորվածությունները:

Իրավիճակին արձագանքել է նաեւ ԱՄՆ-ի Պետդեպը՝ ավտոբուսի հրետակոծման մեղքը Ռուսաստանի վրա բարդելով:

«Դոնեցկի օդանավակայանի վրա հարձակումը եւ Վոլնովախում ավտոբուսի հրետակոծումը աշխարհազորայինների ձեռքի գործն է, որոնց սատարում է Ռուսաստանը», - հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:  ԱՄՆ-ի Պետդեպը պահանջել է, որ Մոսկվան շարունակի իր պարտավորությունների կատարումը՝ Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում»:

ՌԴ ԱԳՆ-ն էլ միջադեպի մեղավոր է համարել Ուկրաինային: «Վրդովեցնող է Դոնեցկի մոտ ուղեւորատար ավտոբուսի հրետակոծումը: Կիեւի ուժայինների հերթական հանցագործությունը», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը: Ըստ նրա՝ Ռուսաստանն այդ հանցագործության  անկողմնակալ հետաքննություն է պահանջում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ից:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ  Ապականը եւս ցավակցություն է հայտնել միջադեպի կապակցությամբ: «Մենք շատ ենք ցավում անմեղ բնակիչների մահվան կապակցությամբ եւ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին եւ Ուկրաինայի ժողովրդին», - ասված է Ապականի հայտարարությունում, որը հրապարակվել է Twitter-ում ԵԱՀԿ-ի պաշտոնական միկրոբլոգում:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ տվյալ նախաձեռնության կապակցությամբ Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ կանի ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Պորոշենկոն ավտոբուսի ողբերգությունը Փարիզի՝ վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների հետ նույն շարքում է դիտել: 

«Ես խոսել եմ Եվրախորհրդարանի նախագահի հետ: Մարտին Շուլցը վստահեցրել է, որ հունվարի 15-ին ԵԽ-ն ԵՄ ղեկավարությանը կոչ կանի այսպես կոչված ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում», - գրել է իր կայքում Պորոշենկոն:

Հունվարի 13-ին Դոնեցկի մարզի ոստիկանապետ Վյաչեսլավ  Աբրոսկինը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ աշխարհազորայինները Դոկուչայեւսկի կողմից հրետակոծել են Ուկրաինայի զինվորականների անցակետը՝ դիպչելով խաղաղ բնակիչներով ավտոբուսին:  Ըստ Ուկրաինայի ՆԳՆ վերջին տվյալի՝ սպանվել է 12 մարդ, 18-ը վիրավորվել են: Ինքնահռչակված ԴԺՀ-ի ՊՆ-ում  աշխարհազորայինների մասնակցությունը ավտոբուսի հրետակոծմանն անվանում են ապատեղեկատվություն: