Ինչպես 2014 թ. դեկտեմբերին, այնպես էլ ընթացիկ տարվա անցած օրերի ընթացքում նախարարության համակարգում գործող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետների կողմից բոլոր տարածաշրջաններում պարբերաբար կատարվում են մշտադիտարկումներ գյուղատնտեսական մշակաբույսերի ձմեռման ընթացքը պարզելու նպատակով: Այդ մասին ասվում է ՀՀ գյուղատնտեսական տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ:
«Կատարված ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս հերքել այգիները վնասվելու վերաբերյալ անհիմն մեկնաբանությունները եւ միանշանակ պնդել, որ հանրապետության տարածքում 14.01.2015թ. դրությամբ աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու եւ խաղողի այգիներում որեւէ վնաս չի նկատվել:
Նախարարությունն այսուհետ եւս շարունակելու է մշտադիտարկումները, եւ ջերմաստիճանի փոփոխությունների հետեւանքով գյուղատնտեսական մշակաբույսերի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ կներկայացվի մասնագիտական հիմնավորված կարծիք»:
Նշենք, որ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի եւ վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների:




























